Համայնքի ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դավիթ Խաչիկի Հարությունյանը ծնվել է 1966թ. հունիսի 10-ին, Եղեգնաձոր քաղաքում:
Կրթություն
1973 - 1983թթ.սովորել-ավարտել է Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1987 - 1990թթ. սովորել-ավարտել է Երևանի էլեկտրո-մեխանիկական տեխնիկումը:
Աշխատանքային գործունեություն
1990 - 1992թթ. աշխատել է Եղեգնաձորի ավտոտեխսպասարկման կայանում որպես փականագործ:
1992 -2012թթ. աշխատել է Եղեգնաձորի ավտոտեխսպասարկման կայանում որպես հիմնադիր տնօրեն:
2012թ–ին ընտրվել է Եղեգնաձորի քաղաքապետի պաշտոնում :
Լրացուցիչ տեղեկություններ
1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Եղեգնաձոր համայնք
Եղեգնաձոր համայնքը ներառում է 5 բնակավայր՝ Եղեգնաձոր, Գետափ, Գլաձոր, Վերնաշեն, Մալիշկա:
Եղեգնաձորը հայոց լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է: Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիսարևելյան հատվածում պեղված դամբարանաշերտի գտածոները: Դրանք պատկանում են մ. թ. ա. առաջին հազարամյակին: Ըստ պատմական աղբյուրների Եղեգնաձորը միջնադարում անվանվել է Փոնձաթաղ, Խոտորալեզ, հետագայում նաև Եղեգիք, Եղեգյաց, Եղեգնաձոր, իսկ 19-րդ դարի սկզբներից՝ Խոտորալեզ: 1935 թ.ին Խոտորալեզը վերանվանվեց Միկոյան՝ Խորհրդային Միության քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի պատվին: 1958 թ.ի դեկտեմբերի 6-ին Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվեց Եղեգնաձոր: Եղեգնաձորի անվանումը ըստ ժողովրդական ստուգաբանության մեկնաբանվում է այսպես, երբ 7-րդ դարում արաբները հարձակվում են Վայոց ձորի վրա, գրավում են այն և մեծ ավերվածություններ կատարում, բնակչությունը արտագաղթում է, և այն դառնում է գրեթե անմարդաբնակ: Այս տարածքները երկար ժամանակ չեն մշակվում և վեր են ածվում եղեգնուտների, որտեղից էլ առաջացել է եղեգների ձոր, ապա Եղեգնաձոր անվանումը:
Մալիշկա բնակավայրը գտնվում է մարզկենտրոնից 7 կմ հարավ-արևելք, Արփա գետի աջ ափին, պատմական Մոզ քաղաքի հարևանությամբ: Մալիշկա բնակավայրը վերաբնակեցվել է 1828-1831 թթ. Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից ներգաղթած հայ ընտաիքներով: Այդ տարիներին վերաբնակեցվել է 42 ընտանիք: Խորհրդային տարիներին գյուղում գործել է կոնդենսատորների գործարան շուրջ 600 աշխատատեղով, որն այնուհետև վերափոխվել է թանկարժեք քարերի մշակման և ոսկու վերամշակման արտադրամասի, սակայն այսօր չի գործում: Ներկայումս բնակավայրն ունի 1507 տնտեսություն:
Գետափ բնակավայրը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Այն հիմնադրվել է 1828 թ.ին Խոյից և Սալմաստից տեղափոխված մի քանի ընտանիքների կողմից: Տեղակայված լինելով պատմական Մետաքսի ճանապարհի և կառուցվող հարավային զբոսաշրջային միջանցքի վրա՝ բնակավայրը աչքի է ընկնում իր զբոսաշրջային հնարավորություններով և զարգացման միտումներով: Գետափ բնակավայրով է անցնում Հայաստանի հիմնական զբոսաշրջային վայրեր տանող ճանապարհը՝ Տաթև, Ջերմուկ և Սևան: 2005-2006 թթ. հնագիտական պեղումների արդյունքում «Դադայի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է հնագույն ամրոցի և բնակատեղիի ավերակներ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես զբոսաշրջիկների շրջանում:
Վերնաշեն բնակավայրը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձորից 5 կմ հյուսիս-արևելք: Բնակավայրը հիմնադրել են 1827 թ.ին Պարսկահայքի Սալմաստ գավառից ներգաղթածները: Վերնաշեն բնակավայրը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, տեսարժան վայրերով:
Գլաձոր բնակավայրը հիմնադրվել է 1830 թ.ին: Նախկինում ունեցել է Օրթաքենդ անվանումը, իսկ 1946 թ.ին վերանվանվել է Գլաձոր: Ներկայիս բնակիչները 1830-ական թվականներին ներգաղթել են ռուս-պարսկական պատերազմի տարիներին Պարսկաստանի Խոյի և Սալմաստի գավառներից: