Սպիտակ համայնքի ղեկավար` Քաջայր Նիկողոսյան

(+374 255) 2-25-00 ֆաքս՝ (+374 255) 2-25-00

vkontakte

Linkedin

facebook

Սպիտակ (Վարչական կենտրոնը ք.Սպիտակ)

Համայնքի ղեկավար` Քաջայր Նիկողոսյան

 

Ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 17-ին Սպիտակ քաղաքում։
1978-1988թ․թ. սովորել և ավարտել է Սպիտակի թիվ 4 միջնակարգ դպրոցը։
1990-1996թ.թ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ «Առևտրի և հասարակական սննդի էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ և ստացել տնտեսագետի որակավորում։
1994-1997թ.թ. աշխատել է «Վանուհի» ՓԲԸ-ում որպես փոխտնօրեն։
2000-2001թ.թ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության Հանրապետական բնապահպանական պետական տեսչության Լոռվա ՏԲՊ տեսչությունում որպես պետական տեսուչ:
2001-2002թ.թ. աշխատել է ՀՀ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Սպիտակ» էլ. ցանցի մասնաճյուղում որպես ճարտարագետ։
2002-2015թ.թ. աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ի Սպիտակի փոստային մասնաճյուղի տնօրեն:
2015-2020թ.թ. աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ–ում որպես Լոռու և Շիրակի մարզերի միավորված փոստային մասնաճյուղերի` «Հայփոստ հյուսիս» մասնաճյուղի տնօրեն:
02.04.2021թ. - 15.06.2021թ. զբաղեցրել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը։
2021թ.-ի հունիսի 16-ից նշանակվել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
05.12.2021թ. ընտրվել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ միավորված համայնքի ավագանու անդամ:
17.12.2021թ. ստանձնել է Սպիտակ միավորված համայնքի ղեկավարի լիազորությունները:
Հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Սպիտակ համայնքի ավագանու համանուն խմբակցության անդամ։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

 

 

Սպիտակ (Վարչական կենտրոնը ք.Սպիտակ)

Սպիտակ համայնք (Վարչական կենտրոնը քաղաք Սպիտակ)
Մակերես՝ 61531.36 հա,
Բնակչություն՝ 43460,
Համայնքի կենտրոնի հեռավորությունը մարզկենտրոնից՝ 19 կմ,
Համայնքի կենտրոնի հեռավորությունը մայրաքաղաքից՝ 97 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ,
Համայնքը ընդգրկում է 21 բնակավայր՝ 1 քաղաքային ( Սպիտակ)
և 20 գյուղական բնակավայր:

Սպիտակ քաղաք
Բնակչությունը` 17076.
Հեռավորությունը մարզկենտոնից՝ 22 կմ,
Հեռավորությունը մայրաքաղաքից՝ 97 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 4542:
Վանաձոր-Գյումրի և Վանաձոր-Երևան ավտոմոբիլային մայրուղիների խաչմերուկում, Փամբակ գետի և դրա վտակ Փամբիջրի ափերին է գտնվում ՀՀ Լոռու մարզի Սպիտակ (նախկինում` «Համամլու») բնակավայրը: Համայնքի տարածքի հյուսիսում ձգվում են Բազումի, իսկ հարավում` Փամբակի լեռնաշղթաները: Երկրաշարժաբանական առումով տարածքը համարվում է սեյսմիկ ակտիվ գոտի` աղետաբերեր երկրաշարժի բարձր հավանականությամբ (9 և ավելի բալ):

Ժամանակակից Սպիտակի տարածքը եղել է հին բնակատեղի, որի մասին են վկայում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված մ.թ.ա. IV-ից առաջին հազարամյակներին վերաբերող նյութական-մշակութային մնացորդները:
Համամլու բնակավայրի հիմնադրման մասին գրավոր վավերագրեր չկան: Ենթադրվում է, որ համայնքի բնակչության զգալի մասը գաղթել է Պարսկահայքի Հեր (հետագայում` Խոյ գավառից): «Համամլու» կամ «Համամլի» անվանումը առաջացել է պարսկերեն «համամ» (բաղնիք) բառից:
Համամլուի նոր անունը` Սպիտակ, կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարերի հանքերի հետ:
1921-30թ.թ.-ին Համամլուի տարածաշրջանը բաժանվել է Ալեքսանդրապոլ և Ղարաքիլիսա գավառների միջև: Համամլուի շրջանը, որպես վարչական միավոր, ստեղծվել է 1937-ի դեկտեմբերի 31-ին: Սպիտակը (մինչև 1949թ.-ը` Համամլու) 1960թ. ստացել է քաղաքի, 1971թ.-ին` հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ:
Համամլուում դեռևս 19-րդ դարի կեսերից գործել են ծխական դպրոցներ: Նախահեղափոխական Համամլուն, բացի մի քանի դարբնոցից, ջրաղացներից ու ձիթհանքից, արդյունաբերական ոչ միձեռնարկություն չի ունեցել: Բնակիչները հիմնականում զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակավայրի արտադրական առաջին ձեռնարկությունը` պանրի գործարանը կառուցվել է 1937-1947թթ․ առաջին արտադրանքն է տվել շաքարի գործարանը:
Մինչև 1988-ի դեկտեմբերյան աղետալի երկրաշարժը Սպիտակը հանրապետության արդյունաբերական և գյուղատնտեսական զարգացած քաղաքներից մեկն էր, որտեղ գործում էր 14 արդյունաբերական ձեռնարկություններ: Բնակչության մի մասն էլ զբաղված էր գյուղատնտեսությամբ:
Քաղաքում մինչև երկրաշարժը բնակվում էր 18400 մարդ` 10400-ը` պետական բնակարաններում, 8000-ը` առանձնատներում:
Սպիտակն ուներ 7 հանրակրթական և 1 գիշերօթիկ դպրոց, 12 մանկապարտեզ, Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումի մասնաճյուղ, մշակույթի տուն, 3 գրադարան, կինոթատրոններ, ժողթատրոն, պատմաազգագրական թանգարան, 2 մարզադպրոց, «Հեքիաթ» հանգրվանային համալիր` բաց և փակ լողավազաններով, բռնցքամարտի, ծանրամարտի, ըմբշամարտի կահավորված դահլիճներով, 5000 նստատեղով ֆուտբոլի մարզադաշտ` վազքուղիներով, կից խաղահրապարակներով, քաղաքային զբոսայգի` արհեստական լճակով:
Առողջապահական համակարգում գործում էր հիվանդանոց, համաբուժարան, մանկական կոնսուլտացիա, ատամնաբուժարան, սանէպիդկայան:
1988թ. երկրաշարժը ընդհատեց Սպիտակի տարեգրությունը` արդյունաբերական քաղաքը ավերվեց 100 տոկոսով, զոհվեց ավելի քան 4000 մարդ, 1290 երեխա դարձավ ծնողազուրկ, 753 մարդ` հաշմանդամ:
Տարերային աղետից հետո սպիտակցին կարողացավ իր մեջ ուժ գտնել, սկսեց կերտել երկրի երեսից ջնջված իր հարազատ քաղաքի հետ երկրաշարժյան տարեգրությունը:
Երկրաշարժին հաջորդած ավելի քան 2 տասնամյակում լայնածավալ շինաշխատանքներ են իրականացվել: Սպիտակում բնակարաններ են կառուցել` Շվեյցարիան՝ 180, ՈՒզբեկստանը՝ 230, Ռուսաստանը՝ 43, Էստոնիան՝ 78, «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներով կառուցվել է 110, ՀՀ պետբյուջեի միջոցներով 145, Համաշխարհային բանկի միջոցներով 180 բնակարան: 147 բնակարան կառուցվել է Համաշխարհային բանկի և պետբյուջեի համաֆինանսավորմամբ, 78 բնակարան` Հայաստան համահայկական հիմնադրամի և պետբյուջեի համաֆինանսավորմամբ: Բնակարանաշինության ամենամեծ ծրագիրը (524 բնակարան) իրականացվել է ամերիկահայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ: Ընդհանուր թվով կառուցվել է 1769 հիմական բնակարան:
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, Ուրբան ինստիտուտի կողմից հատկացված ԲԳՎ-ներով բնակարան է ձեռք բերել 260 ընտանիք, ՀՀ պետբյուջեի միջոցներով` 79 ընտանիք:
Այժմ քաղաքն ունի մշակույթի տուն, քաղաքային գրադարան, թանգարան, պետական քոլեջ, թվով 7 դպրոց, մանկական գեղարվեստի և երաժշտական դպրոցներ, մարզադպրոց, 2 նախակրթարան, «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» (YMCA) հասարակական կազմակերպության համայնքային կենտրոն, եկեղեցի («Սուրբ Հարություն»), նաև գործում են շուրջ 150 միջին և փոքր առևտրային, սպասարկման օբյեկտներ:
Ասֆալտապատված փողոցներն ամբողջությամբ ենթակա են կապիտալ վերակառուցման:
Քաղաքում կա հանրակրթական 7 դպրոց, մշակույթի տուն, գրադարան, 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն, մարզադաշտեր, մարզադպրոց, գեղարվեստի դպրոց, համաբուժարան, հիվանդանոց, փոստային բաժանմունք: