Գառնի գյուղում՝ տաճարի հարևանությամբ, 2018թվականին իր դռներն է բացել «Նոյան այգի» մշակութային ցուցասրահը: «Նոյան այգին» հրաշալի վայր է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն տեսնել և լսել, այլև մասնակիցը դառնալ հնագույն արհեստներին՝ գորգագործությանը, կավագործությանն ու փայտագործությանը: Մեր հյուրերը հնարավորություն ունեն համտեսել հայկական արևահամ չրերն ու դյութիչ գինին, մասնակցել թոնրում պատրաստվող հացի, լավաշի, ինչպես նաև գաթայի պատրաստման արարողությանը: Մեր հյուրերը կարող են գնումներ կատարել մեր խանութ-սրահներից՝ իրենց հետ տանելով Նոյան բարիքները:
«Նոյան այգի» նախագծի նպատակն է խթանել հայկական մշակութային հնագույն արժեքների տարածումն ու զարգացումը։ Քաջ գիտակցելով մեր ժողովրդի մտքի և ձեռքի եզակի շնորհքն ու հնարամտությունը՝ նախագծի շրջանակում կառուցվել է նաև ցուցասրահ, որտեղ ներկայացված է Հայաստանը՝ իր ողջ գունապնակով։ Խորհրդանշական է, որ «Նոյան այգին» կառուցվել է Գառնու տաճարի անմիջապես հարևանությամբ, քանի որ այստեղ ևս ցուցադրված են գանձեր, որոնք ունեն դարերի պատմություն և միանշանակ կհետաքրքրեն նրանց, ովքեր գնահատում են ազգայինը և հինը։