ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար` Արգիշտի Մեխակյան
Ծնվել է 1986թ. օգոտսոսի 22-ին Արմավիրի մարզի Արագած գյուղում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2003 թ. ավարտել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանը:
2007 թ.ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը (մասնագիտությամբ տնտեսագետ):
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2007 թ. (փետրվար-հունիս) եղել է Էջմիածնի քաղաքապետարանի վերահսկողության բաժնի երկրորդ կարգի մասնագետ:
2008-2010թթ. Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ: 2010-2014թթ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի օգնական:
2014-2016 թթ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի օգնական:
2017-2018 թթ. «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ում մենեջեր:
2018-2020 թթ. Ազգային ժողովի պատգամավոր:
2020-2021 թթ. Արմավիրի մարզպետի տեղակալ:
2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում ընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
2007-2008 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:
Ամուսնացած չէ:
Խոյ համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտում՝ Արմավիրի մարզում։ Համայնքն իր մեջի միավորում է Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան 17 գյուղերը և ունի 31031 բնակիչ, վարչական տարածքը՝ 11181.03 հա, այդ թվում՝ բնակավայրի տարածքը՝ 2092.40 հա, արդյունաբերական և արտադրական նշանակության հողերը՝ 337.93 հա, հատուկ պահպանվող տարածքները՝ 273.65 հա, իսկ հատուկ նշանակության հողերը՝ 1.13 հա: Համայնքի կենտրոնը Գեղակերտ գյուղն
է։ Խոյ համայնքը բնակեցված է հայերով և եզդիներով,որոնց նախնիների մի մասը 1829-1831 թվականներին այստեղ է գաղթել Ուրմիայի, Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի, Արևմտյան Հայաստանի Մուշի, Վանի, Ռշտունիք, Մոկսի, Արծկեի, Կաղզվանի, Ալաշկերտի շրջաններից, Սուրմալուից, Պարսկաստանից, Սիրիայից և Լիբանանից:
Խոյ համայնքի Արշալույս Արագած, Աղավնատուն և Հայթաղ գյուղերում պահպանվել է բարբառը: Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Համայնքում զարգացած է խաղողագործությունը, որը պայմանավորված է աշխարհագրական հարմար դիրքով։ Մրգաստան գյուղում տեխնիկական մշակաբույսերից աճեցնում են խորդենի, որն օգտագործվում է եթերայուղերի արտադրության մեջ։ Համայնքում զարգացած է ջերմոցային տնտեսությունը։ Վերջին տարիներին սկսել է զարգանալ ծաղիկի մշակությունը, որի մեծ մասն արտահանվում է այլ երկրներ: Գեղակերտ գյուղում գործում է չրանոց, Այգեշատ գյուղում խաղողի վերամշակում, Արագածում՝ պահածոների գործարան, Ծիածանում՝ գյուղմթերքի վաճառքի մեծածախ շուկա:Միջհամայնքային տրանսպորտային միջոցները աշխատում են անխափան: Համայնքի 17 գյուղերից գործում է անվճար ուսանողական տրանսպորտ: Գործում են բջջային, ցանցային հեռահաղորդակցման հիմնական ծառայությունները: Խոյ համայնքի 17 գյուղերում ներկա պահին կա 4 մանկապարտեզ, 15 դպրոց: Համայնքի բոլոր գյուղերում գործում են տարբեր մշակութային և սպորտային խմբակները: