ՄԱԼԽԱՍՅԱՆ ԻՐԻՆԱ ԷԴՈՒԱՐԴԻ
ՄԱԼԽԱՍՅԱՆ ԻՐԻՆԱ ԷԴՈՒԱՐԴԻ (ծնվ. 1954 թ, ք. Երևան), բժիշկ-անեսթեզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2011 թ.-ից առ այսօր Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչն է, «Հերացի» № 1 հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավարը, 2012 թ-ից առ այսօր 027 «Վիրաբուժություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է:
1971թ-ին ավարտել է Երևանի N 35 միջնակարգ դպրոցը (ոսկե մեդալով), 1978թ-ին՝ ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետը, 1979թ-ին՝ ինտերնատուրան՝ Կարդիոլոգիա մասնագիտությամբ (Երևանի շտապ օգնության № 1 հիվանդանոց): 1986թ-ին ավարտել է Կլինիկական օրդինատուրան՝ Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ (ՍՍՀՄ-ի ԲԳԱ Համամիութենական վիրաբուժության գիտական կենտրոն, Մոսկվա):
1979 - 1983թթ աշխատել է Մասիսի շրջանային հիվանդանոցում՝ որպես բժիշկ-սրտաբան:
1994-1995թթ –վերապատրաստվել է բժիշկ-աթաշեի պաշտոնով՝ Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ (Փարիզի «HENRI MONDOR» բժշկական կենտրոնում):
1983-1984թթ. բժիշկ-ռեանիմատոլոգ ՍՍՀՄ-ի ԲԳԱ Համամիութենական վիրաբուժության գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղում, 1984 - 1986թթ. նույն կենտրոնում եղել է կլինիկական օրդինատոր՝ «Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա» մասնագիտությամբ:
1986թ.-ից աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման և անեսթեզիոլոգիաի բաժնում՝ որպես բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:
1990-2001թթ եղել է նույն ԲԿ-ի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժնի ավագ բժիշկ, 2002-2007թթ՝ Երևանի № 2 բուժական միավորման անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ծառայության ղեկավար:
1998-2006թթ եղել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ասիստենտ, 2006-2009թթ՝ նույն ամբիոնի պրոֆեսոր:
2007- 2011թթ. եղել է ՀՀ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ծառայության ղեկավար:
1997թ. պաշտպանել է «Օժանդակ արհեստական օդափոխանակության մեթոդների կիրառումը չափահասների ռեսպիրատոր դիստրես սինդրոմի ժամանակ» թեմայով ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2004 թ. պաշտպանել է «Թոքերի օժանդակ արհեստական վենտիլյացիայի մեթոդների կիրառումը տարբեր ծագման սուր շնչառական անբավարարության բուժման մեջ» թեմայով ատենախոսությունը և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Մասնակցել է մասնագիտական մի շարք վերապատրաստումների ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում:
Անդամակցում է տարբեր գիտական խորհուրդների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Պարգևատրվել է «HENRI MONDOR» ոսկե մեդալով (Ֆրանսիա, Փարիզ, 1995 թ.), «Մխիթար Հերացի» մեդալով (2015թ.):
Հեղինակ և համահեղինակ է շուրջ 142 գիտական աշխատանքի: